24 апреля 2014 г.

Սուրբ Զատիկը Քարահունջում 2014


-Քրիստոս հարյավ ի մեռելոց:
-Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:


Արդեն 3 տարի է, ինչ Քարահունջ համայնքում ավանդաբար նշվում են և Ամանորը ու Սուրբ ծնունդը, և Սուրբ Զատիկը: Այս գեղեցիկ ավանդույթը համայնքում հաստատել է Աշակերտական խորհուրդը և հաստատակամորեն հետևում է դրա պահպանմանը:
Ամեն տարի Աշակերտական խորհուրդը աշխատանքային պլանով և բյուջեով սկսում է իր գործողությունները: Հավաքվում են բոլոր տաղանդաշատ երեխաները, կազմվում է բեմականացման սցենար, բաժանվում են դերերը ու սկսվում են անընդհատ փորձերը, որպեսզի որակով և  գեղեցիկ բեմադրություն ստացվի: Սուրբ Զատիկի նախօրյակին ԱԽ-ը հավաքվում է եկեղեցու բակում, մաքրում եկեղեցու ամբողջ տարածքը, ապա ուղևորվում դեպի Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի՝ մասնակցելու Ճրագալույցին, ապա բերված ճրագը  ԱԽ-ի և երիտասարդների կողմից բաժանվում է ամբողջ համայքով:
Հետաքրքիր է Սուրբ զատիկի բուն օրը, երբ ամբողջ գյուղը՝ ահել-ջահել, մանուկ-ծնող, հավաքվում են Սուրբ Հռիփսիմե բակում, ամեն մեկը զբաղվում  իր գործով: Ծնողները զատկական սեղանն են պատրաստում, ձուն ներկում, մանուկները ձվակռիվ են խաղում, երիտասարդները զարդարում են խնկի ծառը: Չի ուշանում նաև ավանդական դարձած փլավը, բոլորը ճաշակում են, չենք մոռանում նաև համայնքի միայնակ թոշակառուներին: Ամենուր  տիրում է ուրախ տրամադրություն, որովհետև մեծ տոն է, չէ-որ Հիսուս Քրիստոսի հարության տոնն է:




Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է ամբողջ գյուղը թափվում եկեղեցու բակը, անհամբեր սպասում միջոցառմանը, խաղերին, փլավին: Արդեն 2 տարի է, ես վայելում եմ այդ միջոցառումները կազմակերպելու և իրականացնելու  պատիվը: Շատ ուրախ եմ, որ իմ և ԱԽ-ի նախաձեռնողականության շնորհիվ քարահունջեցիները վայելում են այդ գեղեցիկ օրերը լիարժեքորեն անցկացնելու բերկրանքը:
ԱԽ-ի անդամ Ջուլիետտա Բաղդասարյան

3 апреля 2014 г.

Հայոց երկրի թշնամոց դեմ կռվող հերոս զինվորներ

2014թ փետրվարի 21-ին Քարահունջի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մայրենիի միջազգային օրվան: Միջոցառումը կրում էր << Հայոց երկրի թշնամոց դեմ կռվող հերոս զինվորներ>> խորագիրը:
Հնչեցին բանաստեղծություններ և երգեր հազարագանձ  ու երկաթագիր հայոց գրերի մասին և բեմադրվեց Մուշեղ Գալշոյանի <<Մամփրե արքան>> պատմվածքը:
 Միջոցառման վերջում աշակերտները երդվեցին սրբությամբ պահել ու պահպանել իրենց նախնիների կողմից կտակված մեծ ժառանգությունը՝ հայոց լեզուն:




21 февраля 2014 г.

,,Բառ ու բան,, խաղ-մրցույթ

Մայրենիի օրվա առթիվ Քարահունջի միջնակարգ դպրոցում  տեղի ունեցավ <<Բառ ու բան>>  խաղ-մրցույթը, որին մասնակցում էին 5-րդ դասարանի <<9 գիտակներ>> և 6-րդ դասարանի <<Մեսրոպյան զինվորիկներ>> թիմերը: Այն կազմակերպել էր դպրոցիհայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արևիկ Խուրշուդյանը:
Ցնծում էր դահլիճը, ուրախ էին բոլորը՝ մասնակիցները, հանդիսատեսը, մանկավարժական կոլեկտիվը, ծնողները և հյուրերը:  Չէ որ տոն էր՝ մեր ոսկեղենիկ մայրենիի տոնը, այն մայրենիի, որը դարերի հոլովույթում անցնելով բարբարոսական արհավիրքների միջով՝ դարձավ մեր  ժողովրդի փրկիչն ու պահապանը:
Թեժ պայքար էր ընթանում: Փոքրիկները փայլում էին գիտելիքներով, լեզվի իմացությամբ: Աննշան թերություններով, սակայն հստակ ու համարձակ մեկը մյուսի հետևից հնչում էին պատասխանները: Առավել ուշագրավ էր 3-րդ փուլը, որտեղ ընդգրկված տրամաբանական հարցերն ուղղվում էին նաև հանդիսատեսին:

6 января 2014 г.

Սուրբ Ծնունդ

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս. oրհնյալ է հայտնությունը Քրիստոսի:
Ավարտվեց մեր ,,Ամանորը և Սուրբ Ծնունդ իմ համայնքում,, միասնական միջոցառումների շարքը:
Այսօր՝ հունվարի 6-ին, մենք հավաքվել էինք Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, որպեսզի հիշենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդը և հաղորդենք նրա հայտնության ավետիսը` իրականացնելով մեր ծրագրի ու նպատակի ամենակարևորագույն մասը:
Երկու հազար և ավելի տարիներ առաջ մեր Փրկիչը ծնվեց Բեթղեհեմի մսուրի մեջ: Այնտեղից լուսավորեց մարդկությանը, վեր հանեց, ձեռբազատեց կռապաշտական սովորույթներից, նոր կյանքի, ազնիվ կյանքի և սուրբ կյանքի սկիզբը հաստատեց: